Երևանի մնջախաղի պետական թատրոնի նոր խաղաշրջանը մեկնարկելու է մարտի 10-ին
CultureԵրևանի մնջախաղի պետական թատրոնի նոր խաղաշրջանի բացումը մարտի 10-ին է:
Այս մասին նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:
«Բացումը կտրվի «Գիրք ծաղկանց» ներկայացումով, որը բեմադրվել է 2008 թվականին Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի մոտիվներով: Երաժշտության հեղինակն է Վահան Արծրունին: Սա այն ներկայացումն է, որը շատ տարբեր երկրներում ցուցադրվել է և սիրված է մեր դպրոցականների կողմից: Մեզ դպրոցներից շատ են դիմում, և արդեն այդ օրը` մարտի 10-ին, գրեթե ամբողջ դահլիճը լցված կլինի տարբեր կրթական հաստատությունների սաներով: Դպրոցներն են ցանկություն հայտնել գալ, որպեսզի երեխաները հաղորդակից լինեն: Միշտ ներկայացումից առաջ ասում եմ` այն ինչ կտեսնեք բեմում, չեք տեսնի հեռուստատեսությամբ: Ներկայացումից հետո մոտենում են և հաստատում, որ իսկապես այդպես է: Երիտասարդ սերունդը կապված է ագրեսիվ մեդիա դաշտի հետ և պետք է ինքնամտորման հնարավորություն տալ»,-ասաց Ժիրայր Դադասյանը:
Ներկայացումները ցուցադրվում են Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում, յուրաքանչյուր հինգշաբթի օրը: «Լավ կյանքից չէ դա, բոլորին հայտնի պատճառով: Մենք այդպես էլ շենք չունեցանք: Չնայած այն հաջողություններին, որ գրանցվում են ամեն տարի, միևնույն է դեռ Մնջախաղի թատրոնը շենք չունի: Կարծում եմ` կարիք կա հատուկ ուշադրություն դարձնելու Մնջախաղի թատրոնին: Մնջախաղը մի ժանր է, որ թարգմանության խնդիր չունի, այն արդիական է ամբողջ աշխարհում: Մենք ամեն ինչ անում ենք, որ ապացուցենք` արժանի ենք ունենալ մեր տարածքը, որտեղ կարող ենք շարունակել մեր գործ ունեությունը: Տարածքի հետ կապված այս պահին որևէ լուր չունենք, բայց համոզված եմ, որ անպայման հասնելու ենք այդ շենքին, լավագույն ձևով լուծվելու է այդ խնդիրը»,-ավելացրեց Ժիրայր Դադասյանը:
Նախկինում նախատեսվում էր թատրոնի համար տարածք տրամադրել Հյուսիսային պողոտայում, սակայն տարածքն այնքան նեղ էր, որ շենքը կառուցելու դեպքում կմոտենար հարևան շենքի պատուհաններին: Այդ պատճառով բնակիչները բողոքի ակցիա կազմակերպեցին, չնայած իրենց առաջարկ էր արվում շենքի ներքևի հատվածում տարածք տրամադրել: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Երևանում չի գտնվում ազատ տարածք, Ժիրայր Դադասյանը նշեց, որ տարածք կա, բայց ցանկալի է, որ այն կենտրոնում լինի:
«Մայրաքաղքը մեծ հասկացություն է, տարածք կգտնվի, ասենք, Չարբախում, բայց ես չեմ պատկերացնում, որ թատրոնի շենքը լինի ծայրամասում: Այն քաղաքային թատրոն է և պետք է զբոսաշրջիկի ոտքի տակ լինի, մշակութային զարկերակի վրա: Հետևաբար անհրաժեշտ է, որ տարածքը լինի կենտրոնում»,-ավելացրեց Ժիրայր Դադասյանը` նշելով, որ քաղաքաշինության նախարարն այժմ խնդրի լուծման տարբերակներ է քննարկում: