Բրիտանիայի իշխանությունները Facebook-ին ստիպել են միլիոնավոր դոլարների հասնող հարկեր մուծել
SocietyՄեծ Բրիտանիայի հարկային օրենքների փոփոխության հետևանքով Facebook-ը պետք է լրացուցիչ մի քանի միլիոն ֆունտ հարկ վճարի: Մինչ այդ, ընկերությունը կոշտ քննադատության էր ենթարկվել գովազդից ստացվող իր եկամուտներից բրիտանական կառավարությանը վճարումներ չկատարելու համար:
BBC-ի տեղեկացմամբ՝ Մեծ Բրիտանիայից Facebook սոցիալական ցանցի միջոցով ստացվող եկամուտներից պետք է նաև տեղում վճարել: Դրա հետևանքով ցանցի տնօրինությունն այլևս չի կարողանա Իռլանդիայի խոշոր գովազդատուների հետ պայմանագրեր կնքել, ինչպես նախկինում: Նախնական հաշվարկների համաձայն՝ այդ օրենքի ընդունումից հետո Facebook-ի ղեկավարները ստիպված կլինեն իրենց եկամուտներից ավելի շատ վճարել բրիտանական հարկային զամբյուղին:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլ ամսից, իսկ սոցիալական ցանցի առաջին վճարումները կսկսվեն 2017 թվականից: Ի դեպ, Facebook սոցիալական ցանցի եռամսյակային ընդհանուր եկամուտը կազմում է մեկ միլիարդ դոլարից ավելի, իսկ Մեծ Բրիտանիան սոցիալական ցանցի երկրորդ ամենամեծ շուկան է ԱՄՆ-ից հետո:
Այդուհանդերձ, 2014 թվականին ընկերությունը բրիտանական կառավարությանը ընդամենը 4300 ֆունտ սթեռլինգ հարկ է վճարել: Դեռևս հայտնի չէ, թե նման փոփոխություններից հետո Facebook-ի կողմից վճարվելիք հարկը որքան կկազմի, քանի որ մինչ այս պահը ընկերությունը պարտավորված չի եղել տեղեկացնել Բրիտանիային իր եկամուտների մասին, քանի դեռ այն չի հասել սոցիալական ցանցի ողջ շրջանառության 10 տոկոսին, որը տարեկան կտրվածքով կազմում է մոտավորապես 12,7 միլիարդ ֆունտ սթեռլինգ:
Ա.Գ.