Արմեն Ջիգարխանյանը ինֆարկտով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում է
SocietyԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մարտի 4-ին հոսպիտալացվել է Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունք: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ինստիտուտում: «Նա կարդիոլոգիական բաժանմունքում է, ինֆարկտով հիվանդների ռեանիմացիայում»,-նշել են ինստիտուտում: Ավելի վաղ շտապօգնության տեղեկատուում ևս հաստատել են, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում: