ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան խստորեն դատարապարտել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին' ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող' Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին կոնգրեսականը նշել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Խստորեն դատապարտում եմ ԻԼԻՊ-ի կողմից Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը Սիրիայում»,- գրել է նա:
Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է եղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին այն հռչակվել է համազգային ուխտատեղի Արամ Ա կաթողիկոսի կողմից: