Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության զարգացումը կապում է կոոպերատիվների ձևավորման հետ
EconomicsՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը կապում է կոոպերատիվների հետ: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ երկրում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը համարվում է առաջնահերթություն: «Արդեն իսկ կոոպերատիվների ձևավորման շարժումը մեծ թափ է առել: Ես մեր գյուղատնտեսության զարգացումը կապում եմ կոոպերատիվների զարգացման հետ: Առանց կոոպերատիվների մեզ մոտ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ և արդյունաբերական հիմքերի վրա դրվել»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը:
Նախարարը հավելեց, որ ներկայում ոչ միայն անասնապահության, այլև բուսաբուծության ոլորտում կան փոքր տնտեսություններ` հատկապես սահմանամերձ համայնքներում, որոնք շատ դրական արդյունքներ են գրանցում: «Ինձ համար կարևոր է, որ այդ փորձը փոխանակենք մյուսներին, որ բոլորը տեսնեն, որ, կոոպերատիվներին անդամագրվելով, իրենք ավելի մեծ եկամուտներ են ունենում: Այս տարի մենք ավելի լայն բացատրական աշխատանք ենք տանելու գյուղացիական տնտեսությունների շրջանում, որպեսզի իրենք համոզվեն, որ կոոպերատիվը կարևոր է իրենց համար: Այս պահի դրությամբ մենք գործող 272 գյուղատնտեսական կոոպերատիվներ ունենք»,- ասաց նա:
Սերգո Կարապետյանը հայտնեց, որ իրենք արդեն արժեշղթաներն ենք հզորացնում, որպեսզի ոչ միայն անասնապահության ոլորտում կենդանիների գլխաքանակն ավելանա, այլ նաև գյուղատնտեսության բոլոր ոլորտներում կոոպերատիվները հզորանան և արժեշղթաները զարգանան: «Դրանք են՝ վերամշակման ճյուղերի, սպանդանոցների, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային տնտեսությունների, վերամշակման արտադրամասերի ստեղծումը»,- եզրափակեց նախարարը: