Վանաձորը Գյումրու կողքին է. գյումրեցի անօթեւաններին համերգով կաջակցի «Հորովել» անսամբլը
SocietyՎանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի անսամբլը, քաջ գիտակցելով աղետի գոտու խնդիրներն ու անօթեւանության հետեւանքները, միանում է գյումրեցի անօթեւան 13 ընտանիքների բնակարանով ապահովելու համար սկսված միջազգային մարաթոնին՝ այսպիսով ցույց տալով, որ Վանաձորը, ունենալով նույն խնդիրը, Գյումրու կողքին է:
Ապրիլի 16-ին, ժամը 18:30-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Հորովել»-ը ելույթ կունենա՝ ի աջակցություն գյումրեցի անօթեւան ընտանիքների: Հատուկ այս ծրագրին միանալու համար կազմակերպվող բարեգործական համերգի ողջ հասույթը կփոխանցվի նախաձեռնության հեղինակներին:
Այս օրերին վանաձորյան «Հորովել»-ը պատրաստվում է մայիսի 10-ին՝ Երեւանում կայանալիք մենահամերգին: Ճիշտ նույն ծրագրով, ինչ հորովելցիները ելույթ կունենան մայրաքաղաքում, նախեւառաջ կներկայանան Վանաձորի հանդիսատեսին՝ վանաձորցիներին հնարավորություն տալով դառնալ բարեգործական նախաձեռնության մասնակից ու իրենց ներդրումն ունենալ դրամահավաքի կայացման գործում:
Համերգի ընթացքում կցուցադրվեն անօթեւան ընտանիքների եւ դրամահավաքի մասին պատմող ֆիլմեր:
Կազմակերպիչները փոխանցեցին, որ թեեւ միջազգային մարաթոնի վերջնաժամկետ է սահմանված մարտի 20-ը, բայց վստահությունը, որ մեծ աղմուկ հանած ծրագիրը շարունակական է լինելու՝ որոշվել է այս կերպ միանալ նախաձեռնությանը: