Ադրբեջանական մանաթը կշարունակի արժեզրկվել. փորձագետ
EconomicsԱդրբեջանի ազգային արժույթի` մանաթի արժեզրկումը շարունակվում է, չնայած այն բանին, որ համաշխարհային շուկաներում նավթի գներն աճում են:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը,«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Վուգար Բայրամլըն:
«Բանը նրանում է, որ Ադրբեջանում առկա տնտեսական անկայունության պատճառով դոլարի նկատմամբ բնակչության պահանջարկն աճել է, քանի որ կարծիք է շրջանառվում, որ սպասվում է մանաթի թվով արդեն երրորդ խոշոր արժեզրկում», -ասել է նա:
Նրա խոսքով` Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են եւ անցել 4 մլրդ մանաթ հոգեբանական սահմանը: Բացի այդ, կրճատվել են շուկաներում գործընթացներին միջամտելու հնարավորությունները:
«Դեռ անցյալ դեկտեմբերին կանխատեսել էի, որ դոլարի փոխարժեքը կհավասարվի 2 մանաթի, այդ գործընթացն սկսվել է: ԿԲ-ն այլեւս ի վիճակի չէ կանխել դա», -նշել է նա:
Ըստ փորձագետի` Ադրբեջանի ԿԲ-ն անցյալ տարի 12 մլրդ դոլար է ծախսել ազգային արտարժույթի փոխարժեքը պահելու վրա, բայց չի կարողացել արդյունքի հասնել, մանաթը դարձյալ հայտնվել է ճնշման տակ:
«Իսկ դա խոսում է այն մասին, որ շուկայից Ադրբեջանի ԿԲ-ի հեռանալու հետ` մանաթի փոխարժեքը խիստ նվազելու է», -ամփոփել է փորձագետը: