Ադրբեջանի բանկերի ակտիվները փետրվարին նվազել են 1,1 մլրդ մանաթով
EconomicsԱդրբեջանի կենտրոնական բանկի զեկույցի համաձայն` երկրի բանկային համակարգը ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ` ֆինանսական տարվա սկզբի համեմատ 1 մլրդ 129,4 մլն մանաթով կամ 3,24 տոկոսով պակաս գումարային ակտիվներ է ունեցել իր տրամադրության տակ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, տարվա սկզբի համեմատ, 2,7 տոկոսով նվազել է նաեւ Ադրբեջանի բանկերի վարկային գումարային պարտֆելը:
Ըստ գործակալության` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանկերը մոտ 700 մլն մանաթ գումար են կորցրել:
Ադրբեջանի բանկային համակարգի գումարային կապիտալը փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 591,4 մլն մանաթ: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանի բանկերի կապիտալացման մակրադակը կազմել էր 4 մլրդ 222 մլն մանաթ:
Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 17 բանկ փակվել է, իսկ միայն այս տարվա ընթացքում փակվել է 8 բանկ:
Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալություները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:
Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: