Օրվա բաղադրատոմսը. Խնձորով շոկոլադապատ կարկանդակ (լուսանկարներ)
LifestyleԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու – 3 հատ
- շաքարավազ – 150 գր
- կաթ – 150 մլ + 2 ճ/գդ
- բուսայուղ – 120 գր
- ալյուր – 300 գր
- փխրեցուցիչ – 2 թ/գդ
- կակաո – 2 ճ/գդ
- խնձոր – 2-3 հատ
- Կրեմի համար՝
- կաթ – 400 մլ
- շաքարավազ – 120 գր
- ալյուր – 70 գր
- վանիլին – 10 գր
- կարագ – 150 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև – 150 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 100 մլ
- կարագ – 50 գր
Պատրաստման եղանակ
- Ձվերը շաքարավազի հետ 3-5 րոպե հարում ենք։

- Ավելացնում ենք բուսայուղն ու 150մլ կաթը, մի քիչ հարում ենք։

- Փխրեցուցիչը խառնում ենք ալյուրի հետ, ավելացնում ենք զանգվածին և թեթևակի հարում ենք, որ ալյուրը տարածվի։

- Խմորի կեսը լցնում ենք այլ ամանի մեջ, ավելացնում ենք կակաոն և 2 ճ/գդ կաթը և հարում ենք, մինչև կակաոն լավ խառնվի։

- Ձևամանը բուսայուղով պատում ենք (25×25սմ) և լցնում ենք սպիտակ գույնի խմորը։

- Վրայից հավասարապես լցնում ենք մուգ գույնի խմորը և անհրաժեշտության դեպքում հավասարեցնում ենք։

- Խնձորները կեղևազրկում ենք, սերմերը հանում ենք, կտորների ենք բաժանում, շարում ենք խմորի վրա և մատներով խմորի մեջ ենք խրում։

- Կարկանդակը տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-30 րոպե թխում ենք։ Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորի միջից չոր է դուրս գալիս, ուրեմն կարկանդակը պատրաստ է։ Պետք է ուշադիր լինենք, որ այն չչորանա։
Պատրաստի կարկանդակն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Կրեմի բոլոր բաղադրիչները, կարագից բացի, դնում ենք հաստ տակով կաթսայի մեջ, թիակով լավ խառնում ենք, որպեսզի ալյուրը հավասարապես տարածվի (ալյուրը սառը կաթի մեջ լավ է լուծվում)։

- Միջին ուժեղության կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, մինչև լավ թանձրանա։ Պատրաստի կրեմը ամբողջությամբ սառեցնում ենք։

- Փափկեցրած կարագը մի քիչ հարում ենք։

- Եփովի կրեմը մաս առ մաս ավելացնում ենք կարագին` յուրաքանչյուր լցնելուց հետո լավ խառնելով։

- Ահա այսպիսի կրեմ ենք ստանում։

- Կրեմը տարածում ենք թխվածքի վրա և հավասարեցնում ենք։

- Պատրաստում ենք ջնարակը։
Շոկոլադը կտրատում ենք և լցնում ամանի մեջ։ Սերուցքն ու կարագը լավ տաքացնում ենք (պետք է կարագը հալվի, բայց զանգվածը պետք չէ եռացնել)։ Շոկոլադի վրա ենք լցնում տաք սերուցքը և անմիջապես ակտիվ խառնում ենք։ Սկզբում կարող է թվալ, թե զանգվածը միասեռ չէ, բայց շարունակում ենք ակտիվ խառնել, մինչև զանգվածը համասեռ, թանձր և փայլուն դառնա։
Եթե ջնարակը շատ ջրիկ է, որոշ ժամանակով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի թանձրանա։
- Ջնարակը հավասարապես լցնում ենք կրեմի վրա։ Կարող ենք թիակով ալիքներ նկարել ջնարակի վրա, որպեսզի ալիքները ոչ միայն ներսից լինեն, այլև արտաքինից։

- Կարկանդակը առնվազն 2 ժամով սառնարանն ենք տեղափոխում, որպեսզի կրեմն ու ջնարակը պնդանան։

- Կարող ենք կտրատել և մատուցել։

Խնձորի փոխարեն կարող ենք թարմ կամ սառեցված հատապտուղներ լցնել, օրինակ, բալ, ելակ կամ այլ խոշոր հատապտուղներ (սառեցված հատապտուղները նախապես չենք հալեցնում):