Նարեկ Հախնազարյանը ծնողների հետ համերգով հանդես կգա Մոսկվայի կոնսերվատորիայում
CultureՃանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնողների` Գայանե և Սուրեն Հախնազարյանների հետ համերգով հանդես կգա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:
Այս մասին երաժիշտը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Նարեկ Հախնազարյանը նշել է, որ հանդես գալով աշխարհի լավագույն սրահներում, մշտապես սիրով և պատասխանատվությամբ է համերգներ ունենում իր ալմա մատերում` Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում:
Համերգը տեղի կունենա մարտի 12-ին կոնսերվատորիայի փոքր սրահում: Ելույթ կունենան թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը:
Կհնչեն Շումանի, Բեթհովենի, Շոպենի, Ռախմանինովի և այլ կոմպոզիտորների գործեր:
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին, Երևանում, երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` Զարեհ Սարգսյանի դասարանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում: Համագործակցել և համագործակցում է բազմաթիվ անվանի նվագախմբերի և դիրիժորների հետ: Համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում: «Վաշինգտոն պոստ» թերթը նրան բնորոշել է որպես «ֆենոմենալ թավջութակահար, ով ներխուժել է միջազգային ասպարեզ՝ 2011թ. նվաճելով Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակը և ոսկե մեդալը»: