Հայաստանի ՀՆԱ-ի 30-50 տոկոսը ստվեր է, որը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար
EconomicsԻնչպես հայտնում է Orer.am-ը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ը կրկին առանձնացնելու մասին որոշումը նաև քաղաքական ենթատեքստ ունի:
Եվ քանի որ իշխանությունները ստանձնած պարտավորություններ ունեն քաղաքացիների հանդեպ, ուստի հարկերը հավաքելու խնդիրն այսօր շատ կարևոր և լուրջ հարցերից է.
«Այս փոփոխությամբ որոշակի զոնաներում վերադասավորում տեղի ունեցավ: Տնտեսության զարգացման հարցում ՊԵԿ-ի դերակատարությունը մեծ է: Այդ կառույցն իր ներսում ունի և՛ հարկայինի մասը, և՛ մաքսայինի, այսինքն՝ իր ներսում տեսնում է, թե ով ինչ բերեց և ով ինչքան հարկվեց: Եվ պետք է այդտեղ ազնվորեն հարցին վերաբերել և ամեն ինչ կգա ու կընկնի իր տեղը:
Հայաստանի ՀՆԱ-ի 30-50 տոկոսը ստվեր է, դա նշանակում է, որ մենք 4 միլիարդ ստվեր ունենք: Դրա համահունչ հարկը կազմում է 1,5 միլիարդ դոլար, որը մենք չենք կարողանում հավաքագրել»,- ասում է Գ.Մակարյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրում կա նաև գործառույթների արդյունավետության բարձրացման խնդիր, ինչպես նաև «տեսողության» լավացման խնդիր, իսկ նոր ՊԵԿ-ը պետք է, որ կարողանա այդ խնդիրներն իրականացնել, որովհետև փոփոխությունները պատահական չեն արվել:
«Եթե մենք փորձենք գտնել Հայաստանում մի բարեխիղճ հարկատու, ապա չենք գտնի, որովհետև մենք բոլորին փչացրել ենք: Բոլորին ստիպել ենք ինչ-որ մի բան բերելու միջոցով հարց լուծել, այսինքն՝ օտարերկրյա ներդրողների կամ գործատուների հանդեպ ցուցաբերված առանձնահատկությունը «քցելու», փչացնելու տենդենցի շուրջ է: Սա շատ ցավալի երևույթ է, և կարծում եմ՝ ՊԵԿ նոր պետը պետք է փոխի այս գործելաոճը, քանի որ, եթե շուկայում ճահճային միջավայր է և կանոնները չեն գործում, ապա նման շուկան չի կարող զարգանալ»,- ասում է Գործատուների միության նախագահը:
Նրա խոսքով՝ ինչպես բնության մեջ, այնպես էլ բիզնեսում, միշտ ուժեղը պետք է հաղթի, բայց Հայաստանում այդպես չէ: Գործարար միջավայրը պետք է լինի առողջ , իսկ դրա համար կարևոր է նաև, որ համապատասխան տեսչական մարմինները ճիշտ աշխատեն: Եվ եթե նրանք նույնպես աշխատում են ստվերում, ապա շուկայական հարաբերությունը՝ որպես ֆիլտրող երևույթ, չի կարող գործել:
Խոսելով ՓՄՁ-ների մասին՝ միության նախագահն ասաց, որ ամեն ամիս պետությունից լուրջ աջակցություն չստանալու պատճառով 800-1000 միկրոձեռնարկություն է փակվում Հայաստանում, և եթե այս տարի պետությունն ավելի ճիշտ մոտեցումներ չկիրառի փոքր բիզնեսի նկատմամբ, ապա փակվող ձեռնարկություններն ավելի շատ կլինեն: Իսկ բացվող մոլերի և փակվող տոնավաճառների մասին նա տեսակետ հայտնեց, որ տնտեսության զարգացման համար որքան կարևոր է մոլերի բացումը, նույնքան էլ կարևոր է տոնավաճառների պահպանումը:
Արմինե Գրիգորյան