Ռուբեն Մելիքյանը կարևորում է ՄԱԿ Փախստականների հարցերով գերատեսչության հետ համագործակցությունը
SocietyԱրդարադատության ակադեմիան և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը սերտացնում են երկկողմ համագործակցությունը: Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ կառույցների համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրեցին ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
«Հուշագիրը մեր երկարատև և արդյունավետ համագործակցության սկիզբն է լինելու: Մենք ուրախ ենք, որ այս համագործակցությունը, որը որոշակի նախապատրաստական փուլ է անցել, կայանում է: Մենք կիսում ենք փախստականների իրավական կարգավիճակի հետ կապված մեր գործընկերների մտահոգությունները»,- նշեց ակադեմիայի ռեկտորը:
Կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ նա իր ելույթում նշեց, որ Ակադեմիան և ՄԱԿ ՓԳՀ-ն ցանկանում են համատեղ աշխատել՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցում դատական մարմինների դերակատարումն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով: Ակադեմիայում նախատեսվում է վերը նշված թեմաներով մշակել և ներդնել վերապատրաստման հեռաուսուցման և առկա ուսուցման ծրագրեր:
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը նշեց, որ հուշագրով երկու կողմերն ակտիվ համագործակցության խոստում են տալիս:
«Պետք է ասեմ, որ ժամանակաշրջանը բավականին բարդ է, որովհետև ճգնաժամերն աշխարհում ավելանում են, և այս պահին ավելի քան 16 հազար սիրիացի պաշտպանություն է խնդրել Հայաստանում»,-շեշտեց նա:
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հուշագրի հիմք է հանդիսանում «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» 2015-2017թթ. տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բարելավել տարածաշրջանում ապաստանի տարածքը և փախստականներին ու ապաստան հայցողներին պաշտպանության տրամադրման մեթոդները: Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջազգային չափանիշներին համապատասխան փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերին՝ ծրագիրը կօգնի վերհանել և վերացնել տարբեր մակարդակներում առկա խնդիրները, ներառյալ դատական համակարգում, որը կարևոր երաշխիք է ապաստանի հարցերով զբաղվող լիազոր մարմինների կողմից որոշումների կայացման որակն ապահովելու հարցում:
Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը խորհրդանշում է փախստականների, ապաստան հայցողների, այլ տեղահանված բնակչության և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ուժեղացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ փորձագիտական հմտություններն ու գիտելիքները համախմբելու, ամրապնդված համագործակցությունն ու համակարգումը միավորելու և փոխգործակցության հնարավորություններն օգտագործելու միջոցով: Նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի 2016-2017թթ. ուսումնական ծրագրում ներառել փախստականների և քաղաքացիություÕ ¶ չունեցող անձանց առնչվող միջազգային և ներպետական իրավունքի վերաբերյալ դասընթացներ: