Գոռ Վարդանյանը ներկայացավ դատարան, սակայն...
SocietyԱյսօր՝ մարտի 10-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը մեղադրվում է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: 2014 թվականի փետրվարին Գ. Վարդանյանին պատկանող ֆեդերացիայում ոստիկանության աշխատակիցների կողմից հայտաբերվել ու առգրավվել էր մեծ քանակությամբ զենք և զինամթերք:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը որոշում էր կայացրել հաջորդ նիստին բերման ենթարկել Գ.Վարդանյանին:
Վերջինս այսօր ներկայացել էր, սակայն նիստը սկսելուն պես այն հետաձգվեց մեղադրող կողմի՝ դատախազի կողմից արված միջնորդությամբ: Դատախազը դատարանին հայտնեց, որ անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար դատարանի կողմից տրամադրված ժամանակը բավարար չէ՝ պետական մարմիններին արված հարցումների պատասխանները դեռևս չեն ստացվել և անհրաժեշտ է մեկ ամիս ժամանակ՝ տվյալներն ունենալու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին: