Հայաստանին որևէ մեկը պաշտոնապես ՌԴ-ից էժան գազ չի առաջարկել. Վարդան Այվազյան
EconomicsՈրևէ մեկը պաշտոնապես Հայաստանին չի առաջարկել ավելի էժան գնով գազ, քան Ռուսաստանը: Մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ որևէ մեկը պաշտոնապես Հայաստանին ավելի էժան գազ առաջարկի: Պաշտոնապես մենք որևէ առաջարկ չենք ստացել»,- նշեց Այվազյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Հայաստանը կարող է Իրանից ավելի էժան գնով գազ գնել:
Այվազյանը վստահեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում շատ մատչելի պայմաններով: Որպես օրինակ պատգամավորը բերեց այն հանգամանքը, որ Ադրբբեջանը Վրաստանին սահմանի վրա գազ է վաճառում 1 խորանարդ մետրի դիմաց 255 դոլարով:
Պատգամավորը հավելեց, որ հայ-իրանական կապերը խորացնելու լայն հնարավորություններ կան, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ չեն ավարտվել: Նա կոչ արեց սպասել բանակցությունների ավարտին և օդի մեջ հայտարարություններ չանել, թե Հայաստանը ոչինչ չի անում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու համար: