Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացվել են Բեռլինի ITB ցուցահանդեսին
CultureԲեռլինում մարտի 9-13-ն ընթանում է ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, «Դիլիջան» ազգային պարկի ներկայացուցիչները և բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության «Փուլ III» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:
ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որտեղ միջազգային տուրօպերատորները և հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների և առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության և արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում: Հայկական պատվիրակության անդամ, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնել է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ը բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների և վայրի բնության սիրահարների համար:
«Մեր խնդիրն էր պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի պահպանվող տարածքների գրավչությունն ու հնարավորությունները, ինչը, կարծում եմ հաջողվեց: Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար»:
WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյանը, կարևորելով էկոզբոսաշրջության զարգացումը, նշել է, որ WWF-ն աջակցում է նման միջոցառումներին Հարավային Կովկասի երկրների մասնակցությանը՝ նպատակ ունենալով նպաստել զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը տվյալ երկրների պահպանվող տարածքներում, քանի որ սա նպաստում է ինչպես պահպանվող տարածքների, այնպես էլ հարակից համայնքների տնտեսական զարգացմանն ու առաջխաղացմանը: