Հէկ-երը կարող էին 46 տոկոս հոսանք տալ՝ էլեկտրաէներգիայի սակագինը հասցնելով մինչեւ 14-25 դրամի. Ա. Մանուկյան
EconomicsԱյսօր ԱԺ-ում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«2010 թվականին ջերմային կայանները արտադրում էին հոսանքի 20 տոկոսը, 2011-ին 11 տոկոսով բարձրացավ այդ չափաբաժինը, 2012-ին այն դարձավ 42 տոկոս, եւ մինչ օրս այդ թիվը պահպանվում է: Սա մեր ժողովրդին բերեց այս վիճակին, այս թանկացմանը: Հէկ-երի արտադրության ծավալն իջել է 22 տոկոսի, այն դեպքում, երբ Վրաստանում կազմում է 60 տոկոս»,- ասաց Ա. Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հայտնեց, որ 200-ից ավելի փոքր ՀԷԿ-երի լիցենզիա է տրվել, որոնց արտադրած հոսանքը կազմում է ընդամենը 11 տոկոս: «Հէկ-երը կարող էին 46 տոկոս հոսանք տալ՝ էլեկտրաէներգիայի սակագինը հասցնելով մինչեւ 14-25 դրամի: Բայց մենք զարկ ենք տալիս 60 դրամանոց հոսանքին: Այսպիսի ազգավնաս, ոչ տնտեսվար քաղաքականությամբ խոսել խնայողության օրենքի մասի՞ն…»,- հայտարարեց նա: