«Հայաստան» հիմնադրամը բարենորոգել է Մելիք համայնքի դպրոցը
SocietyԱրգենտինահայ բարերար Սուրենյանների ընտանիքի հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգել է Արագածոտնի մարզի Մելիք համայնքի դպրոցը: Ինչպես տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից, 1994թ. կառույցը հիմնանորոգումից հետո նոր շունչ է ստացել` նոր տանիք, դռներ ու լուսամուտներ, վերափոխված հատակ, սանհագույցներ, էլեկտրականության եւ ջեռուցման համակարգեր, նորակառույց կաթսայատուն:
Արդիականացվել է դպրոցի մուտքը, բարեկարգվել բակային տարածքը: Այսօր արդեն դպրոցի 168 աշակերտներն ուսանում են բարեկարգ ու հյուրընկալ պայմաններում: Տնօրեն Արթուր Ղեւոնդյանը նշել է, որ 8-10 շրջանավարտ յուրաքանչյուր տարի ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուշագրավ է, որ աշակերտներն առանձնահատուկ ընդունակություն եւ հետաքրքրություն ունեն հատկապես բնագիտական առարկաների հանդեպ:
17-րդ դարում հիմնված գյուղն ունի շուրջ 1300 բնակիչ, ովքեր հիմնականում 1828-29թթ. Ալաշկերտի Ղարաքիլիսա գյուղից գաղթածների սերունդներն են: Համայնքի հպարտությունը 1895թ. բազիլիկ ոճով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը թեեւ տարիների ընթացքում ենթարկվել է որոշ վերանորոգումների, սակայն պահպանել է իր առաջնային տեսքն ու գրավչությունը: Համայնքը գտնվում է Ապարանից մոտ 20կմ հյուսիս-արեւելք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա և ունի բարձրալեռնային շրջանին բնորոշ խստաշունչ կլիմա: