Իրանը կարող է փոխարինել Թուրքիային Ռուսաստան միրգ-բանջարեղենի մատակարարումներում
EconomicsԻրանը կարող է փոխարինել Թուրքիային Ռուսաստան 1 մլրդ դոլարի միրգ-բանջարեղեն մատակարարումներում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով «Վեդոմոստի»-ին, հայտարարել է ՌԴէներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Միրգ-բանջարեղենը, որը 1 մլրդ դոլարի մատակարարվում էր Թուրքիայից, կարող է փոխարինվել Իրանից արտադրանքով», -ասել է Նովակը:
Նրա խոսքով` ներկայում աշխատանքներ են տարվում Իրանից մրգերի եւ բանջարեղենի համար «կանաչ միջանցք» ստեղծելու գծով, եւ քննարկվում է այդ արտադրանքի ներմուծման համար մաքսային տուրքերի նվազեցման հարցը:
2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանն արգելել է Թուրքիայից մի շարք ապրանքների, այդ թվում` միրգ-բանջարեղենի ներկրումը: Մասնավորապես, Թուրքիան չի կարող Ռուսաստան արտահանել ելակ, նարինջ, մանդարին, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ եւ համեմունքներ: Սահմանափակումների ցուցակում ընդգրկվել են նաեւ լոլիկը, վարունգը, կաղամբը, բրոկոլին, գլուխ սոխը, ինչպես նաեւ սառեցված միսը, հնդուհավը եւ հավը:
2015 թվականի վերջին 10 ամիսներին Ռուսաստանը Թուրքիայից ներկրել է 1,035 մլրդ դոլարի գյուղմթերք, ինչը 21,2 տոկոսով քիչ է, քան 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում (1,313 մլրդ դոլար):
ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Անկարան պնդում է, որ Սու-24-ը մտել էր իր օդային տարածքը: ՌԴ-ի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ինքնաթիռը չի հատել սահմանը, ինչը հաստատում է սիրիական հակաօդային պաշտպանությունը: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: