Սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները պետական ու գիտական հանրության ուշադրության կենտրոնում են
SocietyԳործուն սոցիալական պաշտպանության համակարգ ունենալը թանկ հաճույք է ու բնորոշ հիմնականում տնտեսապես զարգացած երկրներին:
Արմենպրեսի փոխանցմամբ` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կազմակերպած «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը անկախության պայմաններում» թեմայով համապետական գիտաժողովին ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Սոցիալական պաշտպանության համակարգի ձևավորման իմ ըմբռնումը, մտորումները դեռևս առաջ են եկել իմ ուսանողական տարիներին, երբ դրա մասին մարդիկ չէին էլ մտածում: Չլինելով ոլորտի մասնագետ` որպես պատմաբան լավ հասկանում եմ, որ հասարակությունն ու պետությունը կարող են գոյություն ունենալ միայն սոցիալական պաշտպանության ամուր ու բազմազան համակարգ ստեղծելու պայմաններում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ գործուն սոցիալական պաշտպանության համակարգ ունենալը թանկ հաճույք է»,-ասաց ԵՊՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանի դիտարկմամբ` այն, ինչ արվում է այսօր սուղ հնարավորությունների պայմաններում, կարելի է միայն ողջունել, որովհետև, չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանում սոցիալական պաշտպանության պետական համակարգը սկսել է գործել: Նա հույս հայտնեց, որ տարիներ հետո կկարողանա նք հպարտանալ մեր փոքր երկրի ժողովրդի սոցիալական պաշտպանվածությամբ: «Մեր ամենօրյա գործունեության արդյունքում զգում ենք, որ մենք էլ ունենք պարտավորություններ և պարտականություններ այս համակարգում: Երևանի պետական համալսարանը, սոցիոլոգիայի ֆակուլտետը և ողջ կոլեկտիվն այս խնդիրներով մտահոգ է և պատրաստ է իր լուման ներդնել այս կարևոր գործում»,-նշեց Արամ Սիմոնյանը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց. «Մենք ժառանգել ենք վատ սոցիալական ապահովության համակարգ, որտեղ ամբողջ նպատակը եղել է նախ՝ քաղաքական ցուցադրությունը, հաջորդը՝ մարդկանց հետ խոսել են հետևյալ լեզվով՝ դու չես կարող, ահա քո բաժին քիչ փողը վերցրու և ձայնդ կտրիր: Սա է եղել հոգեբանությունը, այժմ մենք փորձում են շեղվել այդ հոգեբանությունից, որովհետև հասկանում ենք, որ մարդիկ ի ծնե լինում են տարբեր»:
Հակոբ Հակոբյանի խոսքով` պետք է կարողանալ մարդկանց կրթել, առողջ պահել, որպեսզի նրանք աշխատեն, ստեղծեն բարիքներ, բայց սոցիալական ապահովության ոլորտում չներգրավվեն, որովհետև այստեղ պետությունը մեծ միջոցներ է ներդնում, մինչդեռ արդյունքը քիչ է:
ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանն էլ հույս հայտնեց, որ գիտաժողովը առիթ կլինի կողմնորոշվել համայնքների խոշորացման ծրագրի ու դրա հետ անխուսափելիորեն կապված սոցիալական ծառայությունների համատեղման ուղիների հարցում: «Մենք մի կողմից` ուզում ենք ունենալ ավելի շատ ու որակյալ ծառայություններ, որ պետք է տրամադրեն համայնքային ծառայությունները, մյուս կողմից՝ որ ծառայությունները հասանելի լինեն բնակչությանը: Ավելի հասանելի ծառայություններ` նշանակում է փոքր համայնքներ, ավելի որակյալ ծառայություն ներ՝ խոշորացված համայնքներ: Այս երկընտրանքի մեջ մենք պետք է ընտրություն կատարենք: Հուսով եմ, որ գիտաժողովն այս հարցերի պատասխանները կտա»,-ասաց փոխնախարարը: