Լրատվամիջոցների եւ դիտորդների սահմանափակումը պետք է տրամաբանական լինի. Ա. Ռուստամյան
SocietyPR ակցիաներից զերծ եւ խորքային քննարկում է պետք կազմակերպել, որպեսզի ունենանք լուրջ, բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այն հարցին, թե ՀՅԴ-ն տեսնում է միասնական պլատֆորմ, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Այն, ինչ հրապարակված է, Դաշնակցությունը վաղուց ասել է: Նոր բան այսօր հրապարակում չեք գտնի: Նույն՝ ցուցակների հրապարակումը, մնացած բոլոր մեխանիզմները մենք վաղուց ժամանակին ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով «Ժառանգության» հետ եւ ստացել փորձագետների պատասխանները: Այս ամբողջ փուլը մեզ համար անցած գործընթաց է: Բայց, իհարկե, այստեղ լուրջ հարցեր կան, որոնք քաղաքական համաձայնության դաշտում պետք է դիտարկենք: Դրան մենք ձգտելու ենք եւ դրան պատրաստ ենք եւ այն, ինչ հիմա ներկայացվել է, պետք է դիտվի որպես քննարկումների ելակետ, հիմք»,- ասաց նա:
Անդրադառնալով ռեյտինգային քվեարկության թեմային՝ նա նշեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սա համամասնական ընտրակարգ չէ, դա, մեղմ ասած, չիմացության արդյունք է, որովհետեւ կան սահմանումներ, թե որն է համամասնական ընտրակարգը: Այդ ընտրակարգը երկու տեսակի է լինում՝ բաց ցուցակներ եւ փակ ցուցակներ: Փակը` երբ ձեռք չես տալիս ցանկի ներսի դասավորությանը, բացը՝ երբ ընտրողն ինքն էլ կարող է որոշել` ինչ դասավորություն լինի եւ սա ամենաժողովրդավարականն է համարվում ամբողջ աշխարհում, որ ընտրողն է նաեւ որոշում` ով ումից հետո լինի ցուցակում: Սա չի կարող համարվել մեծամասնական, որովհետեւ, որպես այդպիսին, անձի ուղղակի ընտրություն տեղի չի ունենում: Ուղղակի ընտրությամբ որոշվում է կուսակցությունը, իսկ անձն ընտրվում է ածանցված` անուղղակի քվեարկությամբ: Կուսակցության ստացած մանդատները պիտի բաշխվեն ցուցակի մեջ: Լավ կլինի շահարկումների դաշտից դուրս գալ եւ փորձել մյուս բոլոր խնդիրներին անդրադառնալ»:
Խոսելով նաեւ լրատվամիջոցների եւ դիտորդների թվի սահմանափակման մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Կարելի է քննարկել, չեմ կարծում, որ լուրջ հարց կա: Սահմանափակումը պետք է տրամաբանական լինի եւ տարածքի մեջ տեղավորվելու ընդհանուր տրամաբանության մեջ պետք է լինի: Ուրիշ սահմափակումները լինելու են արհեստական: Նախ` խոսվում է մասնակիցների լիարժեք մասնակցությունն ապահովելու մասին: Թեկնածուների վստահված անձինք եւ մնացած բոլորը… Ես վստահ եմ, որ տեղամասում, եթե անգամ անաչառ մեկը եղավ, այդ տեղամասում խախտում չի լինի: Մենք դա անցած փորձից գիտենք: Այստեղ թիվն այդքան կարեւոր չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ թվի հետ կապված էլ, ողջամիտ քննարկումների արդյունքում, կարելի է համաձայնության գալ»,- ասաց նա: