Էկոնոմիկայի նախարարությունը կշարունակի համագործակցությունը ԵՄ-ի հետ համատեղ ծրագերի իրականացման հարցում
EconomicsՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մարտի 14-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարար Մինասյանը կարևորել է բոլոր հնարավոր ուղղություններով Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը և այդ համագործակցության թափանցիկության ապահովումը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար և հավաստել, որ Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը: Նախարարը նաև ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ աջակցության ծրագրերի շուրջ բանակցությունների վարման և այդ ծրագրերի հետագա իրականացման գործընթացում:
Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Մաթիո Բուզկեն անդրադարձել է Եվրամիության կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը, Հարևանության ներդրումային գործիքի շրջանակներում ընթացիկ համագործակցությանը և Միասնական աջակցության շրջանակի ներքո 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության պլանավորմանը:
Այնուհետև կայացել է ընդլայնված աշխատանքային խմբի հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի համանախագահությամբ: