Հայաստանն ընտրել է քաղաքաշինության կազմակերպման մոդելը ֆրանսիականի հիման վրա. Նարեկ Սարգսյան
SocietyՀայաստանն ընտրել է քաղաքաշինության կազմակերպման մոդելը ֆրանսիականի հիման վրա: Այս մասին «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով տնտեսական հանդիպման ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Հայ-ֆրանսիական կապերը վաղեմի պատմություն ունեն: 1998 թվականին Հայաստանում ընդունվեց քաղաքաշինության մասին օրենք: Այն ընդունվեց հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում: Հայաստանն ընտրեց քաղաքաշինության կազմակերպման մոդելը ֆրանսիականի հիման վրա: Այսօր խնդիրները բոլորովին ուրիշ են. կան էներգախնայողության, տրանպորտի կազմակերպման, աղբահանության, քաղաքների զարգացման խնդիրներ: 21-րդ դարում խնդիրները փոխվել են: Նման համատեղ հանդիպումներն ի վերջո արդյունքներ կտան»,- նշեց նա:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով հանդիպումը Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությունն է և իրականացվում է հայ գործընկերների հետ համագործակցությամբ:
«Մոլորակի բնակչության 50 տոկոսը և զարգացած երկրների բնակչության 70 տոկոսը ապրում են քաղաքներում: Քաղաքների զարգացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ»,- նշեց դեսպանը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր ելույթում ընդգծեց, որ Երևանում կուտակված է երկրի բնակչության մեծ մասը, և ներկրված էներգիան` գազը, նավթը, ծանր է նստում երկրի իրավիճակի վրա:
«Պետության բյուջեն հիմնականում ծախսվում է տրանսպորտի և շինությունների էներգետիկ ծախսերը փակելու համար: Հայկական քաղաքների բնակիչներն ամենազգայունն են էներգիայի և տրանսպորտի ծախսերի բարձրացման հարցում»,-ընդծեց նա:
Ավելի լավ քաղաք որոնելու նպատակով քաղաք եկած բնակչության պայմաններում քաղաքի դասական մոդելը կարծես սպառել է իրեն: Այս համատեքստում երկու տարբերակ կա` կամ արմատապես փոխել դասական մոդելը և ստեղծել նոր կանաչ քաղաքներ, կամ եղածը հարմարեցնել: Բազմաթիվ լուծումներ են առաջարկվում, որոնք կհամատեղեն սոցիալական նորարությունը և տնտեսական արդյունավետությունը:
2016թ. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է համաժողով՝ նվիրված կայուն քաղաքի թեմային։ Միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանում և Ֆրանսիայում իրականացրած փորձը հանուն քաղաքի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և մշակութային զարգացման: Հանդիպմանը մասնակցում են քաղաքաշինության ոլորտի մասնագետներ, ձեռնարկությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն: