Ստարտափերին արտոնություն տվող օրենքը Հայաստան է բերել չորս օտարերկրյա նորաստեղծ ՏՏ կազմակերպության
Society«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանում ստարտափերի ձևավորման աճ է նկատվում 4-5 անգամ: Եթե 2014-ին ստեղծվել է 16 ստարտափ, ապա 2015-ին՝ օրենքի ընդունումից հետո, ստեղծված կազմակերպությունների թիվը կազմել է 80, որից 71-ին տրամադրվել է արտոնություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը՝ նշելով, որ 2016-ի 1-2 ամիսներին արդեն 10 տոկոսով ցուցանիշն ավելացել է: «Դինամիկան կա, մնում է արտոնությունները պահպանել: Դրանք սահմանափակված են ժամկետային առումով. 2017 թվականի դեկտեմբերի 31-ին նորաստեղծ ընկերությունների կողմից արտոնությունների համար դիմումների ընդունման ժակետն է լրանում, իսկ տրված արտոնությունները գործելու են մինչև 2020 թվականը: Մենք խնդիր ունենք արտոնությունների տրամադրման դաշտը վերլուծելու, բոլոր դրական-բացասական կողմերը հաշվի առնելու : Կարծում եմ՝ այս տարի նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք Ազգային ժողովում, որ արտոնությունների տրամադրման ու դիմումների ընդունման ժամկետը երկարացվի: Բացի այդ, հստակեցում կմտցվի օրենքում, որ խոչընդոտներ չլինեն ինչպես դրսի կապիտալով, այնպես էլ հայկական ստարտափերի ստեղծման համար»,-ընդգծեց փոխնախարարը:
Նա ուրախությամբ փաստեց, որ դրսի կապիտալով 4 կազմակերպություններ, Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ որոշել են ու Հայաստանում հիմնել ստարտափեր:
Էմիլ Տարասյանի խոսքով՝ ընդլայնելու են գործունեության շրջանակն ու բարենպաստ միջավայր են ստեղծելու ինովացիոն զարգացման ոլորտում: «Ինովացիոն զարգացման ոլորտն ավելի լայն շրջանակ է ներառում և չի բացառվում, որ բարենպաստ միջավայրում նաև ինովացիոն մշակումներով զբաղվող կազմակերպություններին ներառենք»,-ասաց նա:
Էմիլ Տարասյանը տեղեկացրեց, որ ներգրավված են նաև Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներում և ոլորտի կազմակերպությունների անունից բարձրացրել են շահութահարկի երկակի գանձման խնդիրը: Նա հույս հայտնեց, որ վերջնական նախագծում առաջարկությունը հաշվի կառնվի: Փոխնախարարի դիտարկմամբ՝ երկակի հարկման հարցը ոչ միայն կախված է մշակվող Հարկային օրենսգրքից, այլև միաջզգային համաձայնագրերից: «Մենք հիմնականում բարձրաձայնել ենք ԱՄՆ-ի հետ երկակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,-նշեց փոխնախարարը՝ շեշտելով, որ օգտագործելու են բոլոր հարթակները հարցի լուծման համար:
Անի Նազարյան