«Յուքոմ»-ը Հայաստանում ներդնում է գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց
Society«Յուքոմ» ընկերությունը սկսում է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ամբողջ տարածքում: Այս կապակցությամբ պայմանագիր է ստորագրվել «Էրիկսոն» ընկերության հետ, որի շրջանակներում այն տրամադրելու է «Ericsson Radio System» ընտանիքի ամենառաջատար ռադիոսարքավորումներ, ինչպես նաև գործարկվելու է վերլուծական համակարգ, որը կօգնի գնահատել բաժանորդների փոփոխվող պահանջները և խթանել հաճախորդների գոհունակությունը:
«Այս ցանցի ներդրմամբ մենք մեր բաժանորդների համար կապահովենք ավելի արագ և որակյալ ինտերնետ, քանի որ ինտերնետը դարձել է մեր առօրյայի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այն անփոխարինելի է թե բիզնեսում, թե հասարակական կյանքի այլ բնագավառներում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Նրա խոսքով, LTE ցանցի ներդրման աշխատանքների ժամանակ կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր:
LTE ցանցի ներդրմամբ «Յուքոմ»-ը Հայաստանի տարածքում կապահովի բարձրորակ շարժական կապ, անվտանգության բարձր մակարդակ: Ռադիոհասանելիության ցանցը բաղկացած է լինելու Հայաստանում ռադիոծածկույթ ապահովող բազմաթիվ բազային կայաններից, թե Երևանում, թե մարզերում: Հանրապետության շատ քաղաքներում արդեն հասանելի կլինի բարձր արագությամբ կապ:
«Կարող եմ ասել, որ արդեն մեծ ծավալով սարքավորումներ կան և հաջորդ շաբաթ սկսում ենք ցանցի վերակառուցման աշխատանքները: Վերցնելով «Օրանժ» ընկերության ցանցը` մենք այսօր կառուցում ենք ավելի մեծ թողունակությամբ ցանց, իսկ դա ենթադրում է որակի կտրուկ աճ, ծածկույթի բարելավում»,-ասաց Հայկ Եսայանը:
«Էրիկսոն Նիկոլա Տեսլա» ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչի խոսքով, ընկերության ամենաժամանակակից հեռուստահաղորդակցման պլատֆորմի վրա LTE ցանցի ներդման արդյունքում «Յուքոմ»-ը հնարավորություն կունենա իր բաժանորդներին առաջարկել հայկական շուկայում ամենաբարձր որակը ունեցող բջջային ծառայությունները:
««Էրիկսոն»-ի տարածաշրջանային ներկայացուցչության անունից մեծ պատիվ ունեմ ողջունելու ձեզ ձեր գեղեցիկ երկրում: Այսօր մենք «Յուքոմ»-ի հետ թևակոխում ենք համագործակցության նոր փուլ: «Յուքոմ»-ի հետ սկսել ենք աշխատել 2009 թվականից: «Յուքոմ»-ը տեխնոլոգիաների ոլորտում առաջատարի դեր ունի, անզիջում կերպով ներդնում է նորագույն տեխնոլգիաներ, նոր լուծումներ` ապահովելու լավագույն որակ: Մեր համագործակցության շրջանակում արվող քայլերը ևս նպաստելու են ծառայությունների որակի բարելավմանը: Հատուկ ոգևորությամբ ենք աշխատում «Յուքոմ»-ի հետ, այն արագ զարգացող ընկերություն է»,-ասաց Գորդանա Կովաչևիչը:
««Էրիկսոն» ընկերությունը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է: Այն աշխարհի 180 երկրում բազմաթիվ ընկերությունների հետ գործակցության մեջ է:
«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009 թվականից կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղիով մատուցելու երեք ծառայություն` ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: