Արծվիկ Մինասյանը խոստանում է իրականացնել առավել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն
EconomicsՀայաստանում նոր Սահմանադրության գործարկման համատեքստում առաջացել է տնտեսական մրցակցության պաշտպանության նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտություն: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Սոցիալական-շուկայան տնտեսությանը համապատասխան Հայաստանում պետք է ո րդեգրվի առավել ակտիվ մրցակցային պաշտպանության և հակամենաշնորհային քաղաքականություն: Այս դրույթն ամրագրված է նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված համաձայնագրում: Այս մասին խոսել է նաև հանրապետության նախագահը փետրվարի 12-ին ունեցած ելույթում»,- նշեց Մինասյանը:
Նախարարը հավելեց, որ արդարադատության նախարարությունը վարչապետի հանձնարարությամբ արդեն իսկ բոլոր գերատեսչություններին ուղարկել է փաստաթուղթ, որտեղ պետք է ներկայացվեն այն օրենքների ցանկերը, որոնք պետք է փոփոխության ներկայացվեն:
«Այդ ցանկերում ներկայացված է նաև տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը, որը պետք է վերանայվի: Եվ ոչ միայն այս, այլ նաև հարակից այլ օրենքներ պետք է վերանայվեն, որպեսզի երկրում ամրագրվի առաջին հերթին կարգավորման տեսակետից առավել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականությունը:
Պետք է ամրագրվեն նոր լծակներ, որոնք առկա թե մենաշնորհային, թե նաև գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների պատասխանատվության ենթարկելուև հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության միջոցով առավել մրցակցային շուկաներ ձևավորելու ուղղությամբ կիրականացվեն համարժեք գործողություններ»,- մանրամասնեց նախարարը:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ ընդամենը օրեր առաջ նախարարությունը մանրածախ առևտրի շուկայում որոշակի օտարերկրյա ներդրմամբ առևտրային սուբյեկտի հետ կապված հարաբերություններում արդեն ձեռնարկում է հստակ քայլեր, որի արդյունքներն առաջիկայում կերևաև: