Հայաստանը և ՌԴ-ն շարունակում են բանակցությունները գազի գնի շուրջ. Հովիկ Աբրահամյան
EconomicsՌուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի հետ կապված այս պահին վերջնական որոշում չկա, սակայն բանակցությունները շարունակվում են: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է, և հիմա նախարարությունները, «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում»,- նշեց վարչապետը:
Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա:
«Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,- եզրափակեց վարչապետը: