Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում Գյումրիի և Վանաձորի տեխնոպարկերի առաքելությունը
EconomicsՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության որդեգրած տեխնոլոգիական զարգացման և տարածքային համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում իրականացվում է վերոնշյալ տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը, որն ուղղված է ՀՀ մարզերում համապատասխան ենթա կառուցվածքների ստեղծմանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կնպաստի Երևանի և մարզերի միջև սոցիալ-տնտեսական անհամամասնությունների կրճատմանը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը:
«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայվել են 23 տեղական և օտարերկրյա կազմակերպություններ, ինչը հագեցվածության 99 տոկոսն է: Սա նույնիսկ միջազգային չափանիշներով լավագույն արդյունք է համարվում: Այստեղ արդեն իսկ ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր, վերապատրաստվել 360 աշակերտներ: Ակնկալվում է, որ այս տարի Գյումրիում կշարունակվեն քայլերը՝ բարձրացնելու այս արդյունքները և այս տարի պատրաստել 300 մասնագետներ:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շինաշխատանքների մրցույթի փաթեթն իրականացվել է: Փորձ է արվում Վանաձորի կենտրոնը ևս հասցնել Գյումրու կենտրոնի մակարդակին: Այս տարի ծրագրվում է Վանաձորում վերապատրաստել շուրջ 100 մասնագետի»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը:
Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում 2016թ. շարունակվելու է տեխնոլոգիական այդ կենտրոնների գործունեության իրականացման ծրագրի համաֆինանսավորումը: Սակայն հաշվի առնելով այն, որ 2016թ. հունիսի 30-ին ՀԲ վարկային ծրագիրն ավարտվելու է, ապա ներկայացվող ծրագիրը 2016թ. հուլիսից սկսած կֆինանսավորվի միայն ՀՀ պետբյուջեի ու Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեությունից գոյացած միջոցների հաշվին: