Հայաստանի ՏՀՏ ոլորոտում գործող ընկերությունների 36 տոկոսը օտարերկրյա բաժնեմասնակցությամբ է
EconomicsՀայաստանում ՏՀՏ ոլորտում օտարերկրյա բաժնեմասնակցությամբ 162 ընկերություն է գործում, ինչը կազմում է ոլորտի ընդհանուր ցուցանիշի 36 տոկոսը:
Այս են վկայում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություն 2015»-ի տվյալները: 2005-ին այս ընկերությունները կազմում էին Հայաստանի ՏՀՏ ընկերությունների ընդամենը 25 տոկոսը: Ծրագրային ապահովումների ստեղծման հայաստանյան փորձը գնալով մեծ համարում է ձեռք բերում երկրի սահմաններից դուրս` ներգրավելով արտասահմանյան ներդրումներ ՏՀՏ ոլորտում:
Ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այժմ օտարերկրյա ընկերությունների մեծ մասը ամերիկյան ընկերություններ են (44 տոկոս): Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել 5 տոկոսով: Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերությունների 35 տոկոսը եվրոպական ընկերություններ են, 13 տոկոսն Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին է բաժին ընկնում:
Ինչպես նշված է զեկույցում մեծ մասամբ օտարերկրյա մասնաճյուղերը զուտ մայր ձեռնարկությունների համար ծրագրավորման կենտրոններ են: Սովորաբար դրանք հիմնվում են որպես ծրագրավորման փոքր կենտրոններ և արդյունավետ աշխատող թիմեր ձևավորելուց հետո ընդլայնում են աշխատակազմը՝ իրականացնելով առավել բարձր հավելյալ արժեքով գործառնություններ Հայաստանում: «Քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն ընկերության տեխնիկական գործունեությունն ամբողջությամբ, այդ թվում՝ գիտահետազոտական, նախագծման, կոդավորման, տեստավորման և այլ գործառույթները, ի վերջո տեղափոխվում է Հայաստան: Բացի այդ որոշ ընկերություններ իրենց բիզնես գործառույթների մի մասը, ինչպես օրինակ մարքեթինգը և հաճախորդների սպասարկումը, վերատեղակայում են Հայաստանում: Լայնորեն տարածված է տեղական մասնագետների գործուղումները արտերկիր՝ Հայաստանից դուրս գտնվող պատվիրատուների համար ծրագրերի ներդրման և սպասարկման ծառայությունների տրամադրման նպատակով»,-նշված է ուսումնասիրության մեջ:
Ներկայում Հայաստանում գործում են մոտ 450 ՏՀՏ ընկերություններ, որոնք միջինում ապահովում են տարեկան 10 տոկոս աճ: Այս ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երևանում (գրեթե 88 տոկոսը), այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակի և Լոռու մարզերում:
Միայն 2015 թվականին 70 նոր ընկերություն է հիմնադրվել, որոնցում ստեղծվել են շուրջ 400 նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ: