ԵԱՏՄ թվային օրակարգի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են առևտրի, տնտեսության և ֆինանսական քաղաքականության, արդյունաբերության և գյուղատնտեսական համալիրների, տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների, տեղեկատվական և հեղահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, խորհրդի անդամները հաստատել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական միջոցառումների մշակման պլանը: Դրանով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կբերեն արդյունաբերական համագործակցության ծավալմանը, ինչպես նաև ծրագրված է իրավական ակտերի պատրաստումը, որոնք անհրաժեշտ են անդամ երկրների փոխգործակցության համար:
Բացի այդ` ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորման նախագիծը, որը մոտ ժամանակներս կմտնի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգ: Միասնական տեխնոլոգիական հարթակի ստեղծմամբ` հնարավոր կլինի խթանել ազգային արդյունաբերական համալիրների զարգացումը, համակարգային տեխնոլոգիական թարմացումը, ինչպես նա` արդյունաբերության մրցունակության բարձրացումը գլոբալ շուկայում:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ԵԱՏՄ-ի թվային օրակարգի հարցերով: Մինչ դեկտեմբերի 1-ն այն պետք է մշակի միության թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ հետևյալ ուղղություններով` ինտեգրացիոն գործընթացների թվային արդիականացում, թվային շուկաներ, թվային ենթակառուցվածքներ, թվային տնտեսության զարգացման ինստիտուտներ:
Նիստին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: