Գինու, օղու, գարեջրի արտադրության ծավալները նվազել են, շամպայն-գինիներինը՝ աճել
EconomicsՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 247.9 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.5 տոկոսով:
Նշենք, որ 2015 թվականի հունվարին հանրապետությունում արտադրվել է 378.6 հազար լիտր գինի: Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետությունում հունվարին արտադրվել է 538.5 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.1%-ով (2015-ի հունվարին արտադրվել է 691.1 հազար լիտր օղի):
Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում հունվարին արտադրվել է 448.8 հազար լիտր գարեջուր՝ 2015 թվականի հունվարի համեմատ նվազելով 23.2 %-ով:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 3.5 անգամ՝ կազմելով 25.2 հազար լիտր: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվարին հանրապետությունում արտադրվել է 126.4 հազար լիտր վիսկի, ինչը 2015 թվականի հունվարի համեմատ աճել է 2,4 անգամ: