Երիտասարդական նվագախումբը և Աննա Կասյանը ելույթ են ունեցել «Ալ Բուստանի» գալա համերգին
CultureՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մարտի 19-ին և 20-ին հանդես է եկել Լիբանանում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, մարտի 19-ին Երիտասարդական նվագախումբը փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ ներկայացրել է &laqu o;Միայն Բեթհովեն» խորագրով համերգային ծրագիրը։ Նվագախմբի հետ հանդես է եկել դաշնակահարուհի Գլորիա Քամփաները։ Ինչպես և հուշում է խորագիրը, երեկոյի ընթացքում հնչել են բացառապես Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունները։
Իսկ մարտի 20-ին Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գալա համերգին։ Որպես մենակատար հանդես է եկել բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո, օպերային աստղ Աննա Կասյանը։ Նա բնակվում է Ֆրանսիայում և համարվում է իր սերնդի ամենահեռանկարային արտիստներից մեկը։ Աննա Կասյանը համերգներով հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր բեմերում՝ Կարնեգի սրահում, Ժնևի օպերայում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճում, Փարիզի Սալե Կորտո սրահում և այլն, ելույթ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ։
«Ալ Բուստան» փառատոնի գալա համերգին հնչել են Վինչենցո Բելլինիի, Շառլ-Ֆրանսուա Գունոյի, Ջուզեպպե Վերդիի, Պյոտր Չայկովսկու, Էրիխ Վոլֆգանգ Կորնգոլդի ստեղծագործությունները։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է եկել «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։ Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։