Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ
CultureՀայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ:
Հանրապետության ողջ տարածքում մարտի 21-ին անցկացվում են հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլ մերի դիտումներ, դասախոսություններ:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` միջոցառումներն անցկացվում են Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում, քաղաքի պուրակներում ու փողոցներում:
Ե.Չարենցի տուն-թանգարանում դասական և ժամանակակից պոետների ստեղծագործությունները ներկայացրին գրական խմբակների աշակերտները:
«Պոետի օջախը չէր կարող անմասն մնալ այս գեղեցիկ օրվանից: Մեր դպրոցականները, երիտասարդները հրաշալի զգում են պոեզիա: Նմանատիպ միջոցառումները նպաստում և ի հայտ են բերում պոեզիա սիրող և զգացող երեխաներին»,-շեշտեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցում են և պոեզիա ընթերցում ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ: