Տնտեսությունը սկսում է աշխուժանալ հունվարյան «նիրհից» հետո
EconomicsԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակվել է հունվար-փետրվարի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական ցուցանիշները: Այս տարվա փետրվարը բավականին ակտիվ է եղել բնականանաբար ոչ միայն հունվարի համեմատ՝ 9,4 տոկոս աճով, այլ նաև նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 4,5 տոկոս աճով:
Բացի այդ նախորդ տարվա հունվար-փետրվար համեմատ, մի շարք ցուցանիշներ նույնպես աճ են գրանցել, մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,7 տոկոս, արդյունաբերությունը՝ 9,9 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 2,5 տոկոս, շինարարությունը՝ 2,1 տոկոս, ծառայությունները՝ 9,8 տոկոս, արտահանումը՝ 23,6 տոկոս:
Արդյունաբերությունը, իր 9,9 տոկոս աճը, այս անգամ էլ հիմնականում ապահովել է հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի հաշվին: Իմիջիայլոց, էլեկտրաէներգիայի արտադրությունը ապահովել է 7 տոկոս աճ: Դրական է, որ փետրվարին նույնպես պահպանվել է արտահանման աճը, այստեղ նույնպես իր զգալի դերը ունի հանքագործական արդյունաբերության արտահանման աճը: Շինարարությունը փետրվարին նույնպես աճ է գրանցել՝ հունվարի համեմատ աճելով 46,9 տոկոս:
Առևտրի շրջանառության և ներմուծման ցուցանիշները դարձել են մեր տնտեսության «աքիլեսյան գարշապարը», որոնց անկումը բնութագրում է բնակչության գնողունակության անկումը: Այսպես, անկում են գրանցել առևտրի շրջանառությունը՝ 1,8 տոկոսով և ներմուծման ծավալները՝ 12,2 տոկոսով: Անշուշտ բացասական է, որ այս 2 ցուցանիշների անկման միտումները արդեն տևական ժամանակ է շարունակվում են, սակայն կարծես թե այս անգամ այդ անկման մեծությունները ավելի փոքր են:
Միշտ էլ հունվարից հետո փետրվարին տնտեսությունը սկսում է ակտիվանալ: Այս անգամ, սակայն մի փոքր ավելի դրական ցուցանիշներով է աշխուժանում տնտեսությունը: Անշուշտ դեռևս վաղ է ասել, թե տնտեսությունը տարվա ընթացքում ինչ վարք կդրսևորի՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության մեջ առկա բարդ գործընթացները, սակայն հուսով ենք, որ նախորդ տարվա համեմատ ավելի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշներով տարին կեզրափակենք: