Կիևը դեռևս չի հաստատել ռազմագերիների փոխանակման իր պատրաստակամությունը. ԴԺՀ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունը Կիևին է ուղարկել ռազմագերիների փոխանակման հերթական ցուցակը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԴԺՀ փախստականների և ռազմագերիների գործով հանձնաժողովի ներկայացուցչին:
«Մեր կողմից ռազմագերիների ցուցակները պատրաստ են և ուղարկվել են ուկրաինական կողմին, սակայն դեռևս պատասխան չկա: Հետևաբար, այսօրվա փոխանակման մասին վաղ է խոսելը: Սպասում ենք իրենց պատասխանին»,- ասել է նա:
Ըստ ԴԺՀ-ի տված նախնական տվյալների՝ խոսքը 60-ը 60-ի դիմաց ձևաչափի մասին է:
Ռազմագերիների փոխանակումը դարձել է համաձայնությունների առանցքային կետերից մեկը, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած Ուկրաինայի հարցով շփման խմբի հետ հանդիպման ընթացքում: Այդ ժամանակից ի վեր փոխանակումը իրականացվել է չորս անգամ. 37-ը՝ 37-ի դիմաց, 70-ը՝ 70-ի դիմաց, 38-ը՝ 38-ի դիմաց և 28-ը՝ 28-ի դիմաց: