Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը ցավակցություն է հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին
SocietyԵվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 5-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակության անունից պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ցավակցություններ է հայտնել մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:
Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ հայ ժողովուրդը սգում է Բելգիայի ժողովրդի հետ միասին և որ Հայաստանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել Բելգիայի վարչապետին:
«Այսօր մեր խորհրդարանական գործընկերները մեկ րոպե լռությամբ նիստի ընթացքում հարգեցին զոհերի հիշատակը: Այս ողբերգական իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք միասնական ենք ահաբեկչության ցանկացած տեսակի, դաժանության և ատելության դեմ պայքարում»,- նշել է Արտակ Զաքարյանը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ, վիրավորվել են գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել է որպես ահաբեկչություն:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: