Ժիրայր Դադասյանը հույս ունի, որ մարտի 22-ը կճանաչվի որպես մնջախաղի միջազգային օր
CultureՄնջախաղի համաշխարհային կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մարտի 22-ը մնջախաղի միջազգային օր ճանաչելու համար:
Այս մասին տեղեկացրեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Այսօր մնջախաղաց Մարսել Մարսոյի ծննդյան օրն է: Մենք դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ, որպեսզի այս օրը հռչակվի որպես մնջախաղի միջազգային օր: Մնջախաղի համաշխարհային կազմակերպության առաջարկով, որի ղեկավարը Մարկո Ստոյանովիչն է, մենք էլ ենք միացել ակցիային»,-շեշտեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Ժիրայր Դադասյանի խոսքով` կազմակերպության ղեկավարն այս տարի Հայաստանում մասնակցելու է Մնջախաղի միջազգային հինգերորդ փառատոնին և ցուցադրելու է Մարսել Մարսոյին կյանքին նվիրված ներկայացում:
«Այս տարի առաջին անգամ դիմեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Բոլոր թատրոնները, կազմակերպությունները, մնջախաղով զբաղվող անհատները դիմել են, հույս ունենք, որ օրը պաշտոնապես չճանաչվի»,-հավելեց նա:
Ժիրայր Դադասյանի հավաստմամբ` Մարսել Մարսոն ժամանակակից մնջախաղի խորհրդանիշն է: «Ամբողջ աշխարհում այս արվեստը հանրայնացրել է հենց նա: 1966 թվականին նա եղել է նաև Երևանում, ցուցադրություններ ունեցել»,-տեղեկացրեց նա:
Մարսել Մարսոն ֆրանսիացի դերասան է և մնջախաղաց, համարվում է փարիզյան մնջախաղացների դպրոցի հիմնադիր։ Ծնվել է 1923 թ. մարտի 22-ին, հույների ընտանիքում։ Դերասանական արվեստի նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ ծագել է Չարլի Չապլինի ֆիլմերին ծանոթանալիս: Նրա դպրոցում կրթվել են այժմյան լավագույն մնջախաղացները: