Կորյուն Նահապետյանն անդրադարձել է Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպին
SocietyԱզգային ժողովի պաշտպանության, ազգայինանվտանգության և ներքին հարցերիմշտական հանձնաժողովի նախագահԿորյուն Նահապետյանն անդրադարձել է Գորիսի ոստիկանապետի կողմից երիտասարդի ծեծի ենթարկելու լուրերին: Լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ այդ լուրերի հիման վրա ծառայողական քննություն է սկսվել՝ խորհուրդ տալով չշտապել և սպասել քննության ավարտին: «Ցանկացած պաշտոնատար անձի պարագայում, առավել ևս ոստիկանության ներկայացուցչի դեպքում բռնություն գործադրելը չպետք է համարել նորմալ երևույթ: Հակառակը՝ պետք է նման դեպքերը հրապարակավ դատապարտել: Սակայն եկեք չշտապենք և սպասենք, երբ կլինեն ծառայողական քննության վերջնական արդյունքները, ինչից հետո նաև կլինեն համապատասխան որոշումներ, վերջնական որոշումներ բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր կհամարվեն կարգապահական կանոնները խախտելու համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:
Պատգամավորը հավելեց, որ ոստիկանության համակարգում վերջին շրջանում բավականին լուրջ փոփոխություններ են կատարվում՝ այդ թվում նաև կադրային փոփոխություններ: «Նկատելի է, որ նոր մոտեցումներ են իրականացվում, և պարբերաբար փոփոխությունները տարբեր պաշտոններում նշանակվող ոստիկանների գործունեության գնահատումներն են, որ հանգեցնում են այդպիսի արդյունքի: Իհարկե, համակարգը պետք է լինի կայուն նաև կադրային իմաստով: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոստիկան՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, գիտակցի, որ կոչված է ծառայելու հասարակությանը, և անթույլատրելի են բոլոր այն դրսևորումները, որոնք հարիր չեն ոստիկանին: Մենք խորհրդարանում էլ քննարկումների ժամանակ բազմիցս անդրադառնում ենք հարցին, որ շատ կարևոր է մեծացնել հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Բարեբախտաբար, այսօր համակարգում աշխատում են բազմաթիվ բարեխիղճ, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ, բայց ինչպես ոստիկանությունում, այնպես էլ այլ համակարգերում կան աշխատակիցներ, ովքեր արատավորում են համակարգի հեղինակությունը: Այդպիսի աշխատողներից ուղղակի պետք է ազատվել»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը: