Ավարտվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը
SocietyՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) հետաքննիչ, արդարադատության մայոր Սամվել Ալոյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում 2013թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Ս. Ալոյանը «Սևան» ՔԿՀ-ում զննության է ենթարկել դրսից հիշյալ ՔԿՀ-ի տարածք նետված փաթեթը, դրանից հետո անձնական խուզարկության է ենթարկել թմրամիջոց նետելու կասկածանքով բերման ենթարկված Հ. Չ.-ին և հիշյալ գործողություններն առանց ընթերակաների մասնակցության` կազմել, շրջանառության մեջ է դրել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Բացի այդ, Ս. Ալոյանը, դարձյալ ընթերակաների բացակայության պայմաններում, կազմել ու շրջանառության մեջ է դրել Հ. Չ.-ից փորձաքննության նմուշ վերցնելու և ստանալու մասին ևս երկու կեղծ արձանագրություն:
Ս. Ալոյանը հիշյալ արձանագրություններում մտցրել է նշված գործողություններն, իբր, ընթերականեր Ք. Գ.-ի և Է. Ն.-ի մասնակցությամբ կատարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, լրացրել է նրանց անձնական տվյալները և անձամբ ստորագրել ընթերակաների փոխարեն: Հետաքննիչը կեղծ արձանագրությունները կցել է նյութերին, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 34-268-հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ և այն ըստ ենթակայության քննության է ուղարկել ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժին, որտեղ կատարված նախաքննությունից հետո, քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հ. Չ.-ն դատապարտվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: