Ավստրոգերմանական ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներդրված են շուրջ 30 երկրներում
Economics«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության կողմից Հայաստանում կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներդրված են աշխարհի շուրջ 30 երկրներում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման հայտնեց նշյալ ընկերության ֆոնդերի կառավարիչ Գայանե Օրդուխանյ անը` հավելելով, որ հիմնական ներդրումները կատարվել են ավանդներում, պետական և կորպորատիվ պարտատոմսերում: «Վաթսուն տոկոսի չափով ներդրումները կատարվել են Հյուսիսային Ամերիկայում, մնացյալ մասը` Ասիայի զարգացող և զարգացած երկրներում և Եվրոպայում: Միջոցները դիվերսիֆիկացված են նաև ըստ արժույթների. ներդրումներ են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` շուրջ տասը առաջնակարգ արժույթներով` ԱՄՆ դոլար, եվրո, շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ, ճապոնական իեն և այլն»,-ասաց Գայանե Օրդուխանյանը: Ընկերության կողմից կառավարվող ֆոնդերի միջոցների շուրջ 64 տոկոսը ներդրված է ՀՀ դրամով, 36 տոկոսը` արտարժույթով:
«Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստանալով պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա: Ընկերությանբաժնետերերը երկուսն են` ավստրիական «Ցե-Կվադրատ ներդրումային ընկերությունը» և գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենք» ընկերությունը: Հիմնադիրները միասին ներկայացված են աշխարհի 150 երկրներում և ունեն ավելի քան 100 տարվա փորձ ֆինանսական ոլորտում:
«Երկու հիմնադիրների փորձը Հայաստանում կիրառե լով` մենք ղեկավարում ենք երեք ֆոնդեր` կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Ֆոնդերի հաշվառումն առանձնացված է ընկերության հաշվառումից, և այս դեպքում ֆոնդերի հաշվառումը կատարվում է Ավստրիայում գործող բանկերից մեկի միջոցով: Դրսում ներդրումները կատարում ենք դրսի բրոքերի` գերմանական Դոյչե բանկի միջոցով, իսկ դրսի ներդրումների մասով ստանում ենք խորհրդատվություն «Ցե-Կվադրատ» ընկերության կողմից, որ ժամանակին տեղյակ լինենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից»,-նշեց ֆոնդերի կառավարիչը:
Նրա խոսքով` հավասարակշռված ու պահպանողական ֆոնդերում մեկ միավոր ռիսկին համապատասխանել է մի դեպքում` 1.2, մյուս դեպքում` 3 միավոր եկամտաբերություն:
«Հայաստանի տնտեսական մարտահրավերները» խորագրով ասուլիսների շարքը նախաձեռնել է Տնտեսական լրագրողների ակումբը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ: