Վարչապետի առաջարկով օպտիմալացման արդյունքում ավելացված բժշկական սարքավորումները կուղղվեն սահմանամերձ համայնքներ
SocietyՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան միավորել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկային, իսկ Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոնները միավորել Ստեփանավանի բժշկական կենտրոնին: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գործադիրի նիստում նշեց, որ որոշումը պայմանավորված է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ:
Ըստ նախարարի՝ բուժօգնության օպտիմալացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն բժշկական կազմակերպությունների զարգացմանը` սարքավորումների ձեռքբերում, բուժանձնակազմի, շենքային պայմանների բարելավում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց օպտիմալացման արդյունքում ավելացված պիտանի բժշկական սարքավումները հատկացնել սահմանամերձ համայնքներին:
«Իմ կարծիքով, եթե կան պիտանի սարքավորումներ, հարկավոր է դրանք հատկացնել մեր սահմանամերձ համայնքներին: Եթե իրոք կան աշխատող սարքավորումներ, լավ վիճակում գտնվող, քննարկեք մարզպետի հետ, ճիշտ կլինի, որ դրանք ուղղորդեք սահմանամերձ համայնքներ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: