Տաղանդավոր երգիչ, պայծառ անհատականություն. տեղի ունեցավ Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը
CultureԱլ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությունն անցկացվեց այն դահլիճում, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստը: Դահլիճ, որտեղ երկրպագուները բազմիցս հոտնկայս ծափահարել են Գեղամ Գրիգորյանին:
«Աշխարհին է հայտնի, որ նա մեծ արվեստագետ էր: Եվ դրա կողքին լավ հայ էր, լավ մարդ: Ազգային արժեքներին առանձնահատուկ տեղ էր տալիս: Ասում էր, որ աշխարհում կապրեր միայն Երևանում: Եվ դա ասում է այն մարդը, որ աշխատանքի բերումով ապրել է աշխարհի տարբեր հռչակավոր քաղաքներում: Նա շատ էր սիրում հայրենիքը, Երևանը: Ափսոս, որ ժամանակից շատ շուտ գնաց»,-նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:
Ալտահար Մաքսիմ Նովիկովի խոսքով` Գեղամ Գրիգորյանը պայծառ մարդ էր, տաղանդավոր անհատականություն:
«Աշխարհի բոլոր երաժիշտների համար նա հանճարեղ երգիչ էր: Հույս ունեմ, որ այն նախագծերը, որոնք քննարկում էինք և այն, ինչ նա ցանկանում էր անել, ապագայում կիրականացնենք»,-շեշտեց նա:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ հայ ազգը կորցրել է իր աստղերից մեկին: «Բացառիկ մարդկային հատկություններով օժտված լավ մարդ էչ, մեծ երաժիշտ»,-ընդգծեց նա:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին մշակույթի, հասարակական գործիչներ, երկրպագուներ:
Մահացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Արվեստագետին վերջին անգամ հրաժեշտ կտան մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան այգու պանթեոնո ւմ: