Բանկերի միության նախագահը դրամի արժևորումը կապում է իրանցիների այցի և ԿԲ քաղաքականության հետ
EconomicsՀայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի բացառում, որ վերջին շրջանում արտարժույթի որոշակի անկումը Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների շնորհիվ է: Սրմենպրեսի հաղորդմամբ` մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում նա, սակայն, նկատեց, որ փոփոխություններն այնքան մեծ չեն, որ խոսենք, օրինակ, դոլարի խոշոր անկման մասին: «Մեր շուկա ն այնքան փոքր է, որ Նովրուզը Հայաստանում տոնելը կարող է բերել այդպիսի փոփոխությունների: Ես համոզված եմ, որ դա իր ազդեցությունը միանշանակ թողնելու է: Մյուս կողմից` Կենտրոնական բանկի կողմից դեռևս 2015-ին տարվող դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ դրամի առանձնակի անկում տեղի չունեցավ ողջ 2015-ին ու նաև այս տարվա ամիսներին, դեռ մի բան էլ դոլարի կուրսի անկում եղավ»,-ասաց Սամվել Ճզմաչյանը:
Անդրադառնալով հարցին` արդյոք զբոսաշրջիկների հոսքի դադարեցումից հետո դոլարը կրկին կթանկանա` Ճզմաչյանը նկատեց, որ դրամավարկային քաղաքականության արդյունքը միանգամից տեսանելի չի լինում, դրա համար որոշակի ժամանակ է պետք: Նա չբացառեց, որ ԿԲ նախորդ տարվա վարած քաղաքականության պտուղներն ենք այսօր քաղում, երբ դրամն արժևորվում է:
Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց փաստին, որ տարածաշրջանում տարբեր երկրների արժույթների գերարժեզրկման պարագայում Հայաստանում դրամի մեծ անկում չնկատվեց, ինչն էլ, նրա խոսքով` հենց Կենտրոնական բանկի վարած ճիշտ քաղաքականության արդյունքն է: