Քաղաքականությունը ներում է սխալները, ֆուտբոլը ոչ. պատգամավորների թիմը պարտվեց լրագրողներին
SocietyՖուտզալի Բիզնես լիգայի շրջանակներում լրագրողների թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ պատգամավորների թիմի նկատմամբ: Խաղն ավարտվեց 14-2 հաշվով՝ հօգուտ լրագրողների թիմի:
Խաղի մեկնարկային րոպեներից լրագրողների թիմը սկսեց ակտիվ գրոհներ կազմակերպել ու մինչև վերջ խաղաց մեծ առավելությամբ: Արդեն առաջին խաղակեսի ավարտից հետո լրագրողների թիմը հաշվի մեջ առաջ էր հինգ գոլի առավելությամբ: Առաջին խաղակեսն ավարտվեց 6-1 հաշվով:
Երկրորդ խաղակեսն էլ անցավ լրագրողների մեծ առավելությամբ: Խաղի երկրորդ կեսում Ազգային ժողովի թիմին հաջողվեց խփել ընդամենը մեկ գոլ, փոխարենը լրագրողները մրցակցի դարպասն ուղարկեցին ևս 8 գնդակ:
Խաղից հետո լրագրողների թիմի անդամ, ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ ուրախ է մրցակցին մեծ առավելությամբ հաղթելու կապակցությամբ: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ լրագրողների թիմը միշտ հաղթում է Ազգային ժողովի թիմին, Քալանթարյանն ընդգծեց, որ մինչ այս, մեկ անգամ են խաղացել Ազգային ժողովի թիմի հետ: «Այն ժամանակ մենք մեծ ֆուտբոլ էինք խաղում, հաղթեցինք 2:0 հաշվով: Այս անգամ ֆուտզալ էր՝ դրանով է պայմանավորված, որ շատ գոլեր եղան: Երևի մենք ավելի խաղակցված թիմ ունենք, ավելի երիտասարդ, բայց ամեն դեպքում խաղից շատ մեծ հաճույք ստացանք»,- ընդգծեց Քալանթարյանը:
Նա հավելեց, որ խաղն այնքան էլ դժվար չստացվեց իրենց համար, սակայն լարվածություն կար, իսկ խաղի բնույթը ինքնին շատ լավն էր: «Մեր թիմի խաղից շատ գոհ եմ: Բոլոր տղաները շատ լավ աշխատեցին, շատ արագ էին գործում: Բոլորը խաղալու հնարավորություն ստացան և լավ դրսևորեցին իրենց: Կարելի է ասել է՝ այսօր թերություններ չկային»,-նշեց Քալանթարյանը:
Ազգային ժողովի թիմի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ եթե քաղաքականության մեջ ներում են սխալները, խաղի ժամանակ չեն ներում: «Ֆուտբոլի ժամանակ, եթե դու գոլ չես խփում, քեզ են խփում: Տղաները շատ լավ խաղացին, ես շնորհավորում եմ նրանց»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին՝ քաղաքականության մեջ էլ են իրենց գոլեր խփո՞ւմ, Շարմազանովը դրական պատասխան տվեց: Իսկ լրացնող հարցին, թե ո՞րն է եղել քաղաքականության մեջ իրենց խփած ամենագեղեցիկ գոլը, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքականության մեջ գոլերը շատ են լինում՝ և մեր, և իրենց դարպասին»:
Լրագրողներից մեկի հումորով արած դիտարկմանը, թե սա աննախադեպ երևույթ է, երբ իշխանություններն առանց թվային մանիպուլյացիաների արդար պարտվում են, ԱԺ փոխնախագահը կրկին կատակեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ֆուտբոլիստներն ավելի բարեխիղճ էին, քան ընդդիմության վստահված անձինք, դրա համար էլ իրենց հաղթեցին: Սա էլ հումորով հարցին հումորով պատասխան: Բայց նրանք իսկապես լավ խաղացին, ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ»: