Թատրոնի ճանապարհը շատ դժվարին է. Հակոբ Ղազանչյանը` թատրոնի խնդիրների մասին
CultureԹատրոնի ճանապարհը շատ դժվարին է, բարդ և զոհաբերություններ է պահանջում: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 26-ին նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը` անդրադառնալով Թատրոնի միջազգային օրվան և հայ թատրոնի խնդիրներին:
«Թատրոնն ընտրած մարդիկ շատ այլ հարցերում թերանում են: Թատրոնը պահանջում է հարյուր տոկոսանոց նվիրում: Կիսատ նվիրում թատրոնը չի ընդունում: Գիտեմ, որ դժվար է, աշխատավարձերը ցածր են, գիտեմ, որ թատրոնի գործիչները քիչ են գովազդվում, ավելի շատ գովազդվում են այն մարդիկ, ովքեր դերասան կոչվելու իրավունք չունեն, բայց նրանց տեսնում ենք սերիալներում: Գիտեմ, որ բեմադրություն անելու համար գումար դժվարությամբ են հայթայթում կամ չեն հայթայթում, հին եղածներով ինչ-որ նոր բան են անում: Ուզում եմ ասել, որ միշտ է այդպես եղել»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահը փաստում է` վհատվել պետք չէ: «Եթե մարդը վարակվել է թատրոն կոչվող հիվանդությամբ, ապա պետք է իմանա, որ այն անբուժելի է: Պետք է գլխիկոր ծառայել թատրոնին: Երիտասարդությանը լրջություն եմ մաղթում, որ ավելի քիչ երազեն սերիալներում երևալու մասին, գլուխները կախ իրենց գործն անեն»,-շեշտեց Հակոբ Ղազանչյանը` հատուկ ընդգծելով, որ նրանք, ովքեր նվիրումով ծառայում են թատրոնին, անկասկած գնահատվում են:
«Թատրոն» բառն առաջացել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «տեղ, որտեղ նայում են»: Թատրոնի միջազգային օրը`մարտի 27-ը, առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում: Օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն 1962 թվականին: