Երևանի քաղաքապետը Սուրբ Զատիկը նշել է ավանցիների հետ
SocietyՍուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, այնուհետ, մոտեցել է եկեղեցու բակում տոնի առիթով բացված ծիսական սեղանին ու, եկեղեց ու հոգևոր հովվի տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրբ Աստվածածին եկեղեցի այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք:
Չնայած, որ եկեղեցին խոնարհված է համարվում, այդուամենայնիվ, ավանդույթի համաձայն, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին: