Վարկային շուկան տարեսկզբին թանկացեել է
EconomicsՏարեսկզբին Հայաստանի բանկային համակարգում վարկերի գինը դարձյալ բարձրացել է. Դրանք թանկացել են 1 տոկոսով։
Եթե դեկտեմբերին վարկերի միջին գինը 15,96 տոկոս էր, ապա հունվարին դարձել է 16,96 տոկոս։ Որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել ներգրավվող ավանդների էժանացման պայմաններում։
Անցած տարվա վերջի 14,09 տոկոսի դիմաց բանկային ավանդների միջին գինը հունվարին դարձել է 13,35 տոկոս։ Թվում է, թե այդ փոփոխությունը պետք է բերեր նաեւ վարկային շուկայի էժանացման, սակայն տեղի է ունեցել հակառակ երեւույթը։
Եթե ավանդների միջին տոկոսադրույքի նվազումը կարող էր պայմանավորված լինել ներգրավվող միջոցների ավելացմամբ, ապա դժվար է ասել, թե ինչի հետեւանք է բանկերի կողմից տեղաբաշխվող միջոցների թանկացումը։ Հատկապես որ, արտաքին խնդիրների պայմաններում տնտեսության համար խիստ դժվարացել է առաջարկվող թանկ փողերի կլանումը։
Դրա հետեւանքով տեղի է ունենում բանկերի վարկային պորտֆելի նվազում։ Մի բան, ինչն ուղղակիորեն արտահայտվում է նաեւ ֆինանսական շուկայի մասնակիցների եկամուտների վրա։ Գաղտնիք չէ, որ հիմնականում այս հատվածում են ձեւավորվում բանկերի ֆինանսական մուտքերը։
Առաջարկվող փողերի թանկ լինելը հնարավորություն չի տալիս օգտվել այդ գումարներից։ Դրա հետեւանքով վարկային շուկան պասիվանում է։
Որքան էլ կառավարությունը փորձում է տարբեր ուղղություններով ստանձնել վարկային բեռի մի մասի փոխհատուցման ծանրաբեռնվածությունը, խոսքը գյուղվարկերի կամ բնակարանային շինարարության խթանման նպատակով արտոնյալ վարկային պայմանների տրամադրման մասին է, այնուհանդերձ միայն դա բավարար չէ վարկային շուկայում քիչ, թե շատ էական ակտիվություն մտցնելու համար։ Այնպես որ, ֆինանսական հատվածի մասնակիցները ստիպված են մտածել այնպիսի ընդգրկուն գործիքների կիրառման մասին, որոնք մատչելի կդարձնեն վարկային միջոցները։
Պատահական չէ, որ անցած տարվա ընթացքում արձանագրված բանկերի վարկային պորտֆելի անկումը շարունակվում է նաեւ այս տարվա սկզբին։ Ընդ որում, նվազում են առաջին հերթին դրամային վարկերը, որոնց կարիքը տնտեսության մեջ առավել եւս մեծ է։ Միայն հունվարին բանկերի դրամային վարկերի պորտֆելը կրճատվել է 19 մլրդ դրամով։
Ն.ՍԱՐԳՍՅԱՆ