«Զվարթնոցի» օղակաձև շենքը պետք է վերանորգվի և հանձնվի շահագործման. Դմիտրի Ադբաշյան
Society«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին համալիրը վերանորոգելու համար կարելի է ծախսել 10 անգամ քիչ գումար, քան նոր օդանավակայան կառուցելու: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի հանրայինխորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովինախագահ, «Ազգային ավիացիոնմիավորում» ՀԿ նախագահ ԴմիտրիԱդբաշյանը: Նա նշեց, որ Փարիզից Երևան է ժամանել օդանավակայանի շենքը նախագծողներից Ժորժ Շեխլյանը, ով պատրաստ է ներկայացնել շենքի վերանորոգման իր նախագիծը: «Պետք է վերջնական որոշում ընդունվի, որ շենքը չի քանդվելու: Ես հավատում եմ, որ կան գրագետ մարդիկ, ովքեր կարող են զբաղվել այդ հարցով, իսկ եթե դեռ չկան, ապա պետք է սպասել»,- նշեց Ադբաշյանը:
Նրա խոսքով՝ շենքը կառուցելիս արվել է խորքային ուսումնասիրություն, պատահական չէ անգամ այն, որ համալիրը օղակաձև է: Օղակաձև շենքի մոտ կա ինքնաթիռների համար նախատեսված 14 կայանատեղի, որոնք համապատասխանում են ցանկացած չափի ինքնաթիռների ընդունման համար: Շենքի աշտարակը հատուկ կառուցվել է ուղիղ 61 մետր բարձրությամբ, որպեսզի դիսպետչերը օդում իր աչքով տեսնի ամբողջ ուղևորային հարթակը: Շենքը նաև կառուցվածքով և հարկերով տարանջատված է ժամանող և մեկնող ուղևորների համար: Բացի այդ՝ ժամանակին «Զվարթնոցում» եղել է ամենակարճ՝ ընդամենը 32 մետր, ճանապարհը մեքենայից մինչև ինքնաթիռ:
Ադբաշյանը խոսեց նաև շենքի որոշ թերություններից. համալիրն ի սկզբանե կառուցվել է ԽՍՀՄ հանրապետությունների միջև թռիչքներ իրականացնելու հաշվարկով: Մաքսատան և սահմանապահների համար տարածքներ չեն նախատեսվել, այդ իսկ պատճառով հիմա շենքը չի համապատասխանում միջազգային օդանավակայաններին ներկայացվող չափանիշներին:«Այնուամենայնիվ, օդանավակայանը նախագծելիս ես, Արթուր Թարխանյանը, Սերգեյ Չերքիզյանը, Ժորժ Շեխլյանը, Սպարտակ Խաչիկյանը, Սերգեյ Բաղդասարյանը մտածել ենք, որ շենքում հետագայում տարբեր ծառայություններ կիրականացվեն, և այդ նպատակով նախատեսել ենք ազատ տարածքներ»,- հավելեց Ադբաշյանը: Այդքանով հանդերձ, նա վստահեցրեց, որ «Զվարթնոցի» օղակաձև համալիրը շատ որակյալ կառույց է: Ադբաշյանի խոսքով՝ նա ներկայացրել է օդանավակայանի նախագիծը մոսկովյան մասնագետներին, ովքեր զբաղվում էին Օստանկինոյի հեռուստաաշտարակի ամրության հարցերով: Վերջիններս ասել են, որ շենքը նորմայից 2-3 անգամ ավելի ամուր է կառուցվել:
Դմիտրի Ադբաշյանը ընդգծեց այն փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է, որ չունի հայրենական ավիացիա և օդային օրենսգիրք: «Պետությունը չի կարող համարվել անկախ, եթե չունի ազգային ավիացիա: Այն ոչնչացնողները պետք է պատասխանատվություն կրեն իրականացված հանցագործություն համար»,- ասաց նա:
Անդրադառնալով Դոնի Ռոստովում Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռի կործանմանը՝ Ադբաշյանը նշեց, որ ժամանակակից Boeing-ներն այնքան անվտանգ չեն, որքան խորհրդային տարիներին կառուցվող ինքնաթիռները: Նրա համոզմամբ՝ սովետական ինքնաթիռներում վթարների կանխարգելման համակարգերն ավելի լավ էին աշխատում: Ժամանակակից արևմտյան ինքնաթիռները առավել տնտեսող և շահավետ են, սակայն պակաս ապահով: