Ոստիկանների «քթի տակից» տարել են երեխաների ձեռքի աշխատանքները
SocietyOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սբ. Զատկի տոնի օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Մանկապատանեկան գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաները Սբ. Զորավոր եկեղեցու բակում տեղադրված տոնական սեղանը զարդարել էին իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներով:
Հատկապես ուշագրավ էր Կենաց ծառը, որից կախված ձեռագործ աշխատանքներն իրենց ինքնատիպությամբ գրավում էին բոլոր անցորդների ուշադրությունը: Ցավալին այն է, որ տոնական սեղանից օգտվողները սեղանին դրված ներկված ձվից, կանաչուց, լավաշից, մրգերից բացի վերցրել են նաև երեխաների ձեռքի աշխատանքները:
Մանկապատանեկան գեղագիտական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի հուզմունքը նկարագրել հնարավոր չէր, ում չէր հաջողվել սեղանից Կենաց ծառի տարեց թալանչիներին կանգնեցնել:
Զարմանալի է, որ այդ տարածքը հսկում էին նաև ոստիկանության աշխատակիցները և թվում էր, թե ամեն ինչ պետք է, որ հարթ ու խաղաղ անցներ, սակայն պարզվում է, որ ծերունի ավազակները կարողացել են նույնիսկ ոստիկանների քթի տակից «տանել» երեխաների ձեռքի աշխատանքները:
Ամեն դեպքում, դժվար է հավատալ, որ եկեղեցու բակում՝ ոստիկանների աչքի առջև, ընդհանրապես հնարավոր է նման պահվածք դրսևորել, սակայն արձանագրենք, որ տանելուն սովոր մարդկանց համար ո´չ տեղ գոյություն ունի, ո´չ էլ ժամանակ:
Արմինե Գրիգորյան