Քննչական կոմիտեն որոնում է մանկական սրճարանից բջջային հեռախոս գողացած անձին
SocietyԵրևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մանկական սրճարանից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,2016 թվականի մարտի 11-ի ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող մանկական սրճարանում գտնվող խաղային ապարատի վրայից առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «HTC Desire 820» տեսակի բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են մանկական սրճարանում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ սրճարանում գործող խաղային ապարատներից մեկի վրայից վերցնում բջջային հեռախոսը, դնում բաճկոնի գրպանը և դուրս գալիս սրճարանից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է այն անձանց, ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: