Ինչպես վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին
AnalysisՀայաստանի իշխանությունները որքան էլ հրապարակավ չընդունեն, որ իրենք ծայրաստիճան վարկաբեկված են, միևնույն է, այդ մասին նրանց հայտարարություններն անլուրջ են հնչում, որովհետև իրականում իրենց գործողություններով ցույց են տալիս հակառակը՝ իրենք շատ լավ էլ գիտակցում են իրենց վարկաբեկված լինելը ու նույնիսկ օգտվում են դրանից:
Իրենց վարկաբեկված լինելը իշխանությունները դարձրել են տարբեր ընդդիմադիր ուժերին վարկաբեկելու և այդպիսով ասպարեզից հեռացնել փորձելու միջոց: Իսկ ամեն ինչ արվում է շատ պարզ սխեմայով՝ տարբեր միջոցներով ազդակներ են հղվում հանրությանը և տեղեկություններ տարածվում, թե իբրև տվյալ ընդդիմադիր ուժը համագործակցում է իշխանությունների հետ: Եվ ամեն ինչ պատրաստ է՝ վարկաբեկված իշխանության հետ համագործակցողը մեխանիկորեն վարկաբեկվում է:
Այդ ճանապարհով իշխանությունները կարողացան քաղաքական ասպարեզից հեռացնել մի շարք ընդդիմադիր ուժերի: Իհարկե, բառացիորեն չհեռացրեցին, սակայն այն աստիճանի վարկաբեկեցին, որ այսօր այդ ուժերը հեռացված լինելու հաշիվ են, քանի որ նրանց ոչ ոք լուրջ չի ընդունում:
Հիմա իշխանությունների թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Փաշինյանին ու ՔՊ-ին վարկաբեկելու համար գործի են դրվում բոլոր հնարավոր մեթոդները. Սամվել Ալեքսանյանն իրեն բնորոշ ցինիզմով հայտարարում է, թե «Նիկոլը մեր ախպերն ա», մինչ այդ Դավիթ Հարությունյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրենց հետ չի, բայց դա ասում էր այնպիսի հեգնական տոնով, որով ավելի շուտ ուզում էր ասել, թե իրենց հետ է:
Հետո գործի են դրվում «ֆեյքերը», ովքեր լծվում են Փաշինյան-իշխանություն համագործակցությունը բացահայտող ստատուսներ գրելու ու դրանք կայքերով տարածելու գործին: Մյուս կողմից էլ իշխանությունը կիրառում է ընդդիմադիր տարբեր ուժերին իրար դեմ լարելու, կռվացնելու տեխնոլոգիան և Փաշինյանի դեմ է լարում ՀԱԿ-ին՝ իր լրատվամիջոցներով հանդերձ:
Իրականում չկա որևէ ապացույց, որ ՔՊ-ն համագործակցում է իշխանությունների հետ, պարզ երևում է, որ ընդամենը կիրառվում է փորձված տեխնոլոգիա: Եվ իշխանությունները հերթական անգամ մատնում են իրենց. եթե իրենք վարկաբեկված չեն, ապա ինչու են համառորեն փորձում ուրիշներին վարկաբեկել՝ իրենց «ախպեր» հռչակելով:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան